Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Խաղաղության մրցանակ՝ Արցախի հաշվին

Խաղաղության մրցանակ՝ Արցախի հաշվին
21.01.2026 | 13:17

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի՝ 2026 թվականի մրցանակակիրների շարքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միաժամանակ ընդգրկումը պահանջում է սառը քաղաքական վերլուծություն։

Մրցանակի հանձնաժողովի ձևակերպումները ակնհայտորեն կենտրոնացած են ոչ թե քաղաքական արդյունքների, այլ գործընթացի, հռետորաբանության և «խաղաղության օրակարգի» հռչակման վրա։ Այս տրամաբանության շրջանակում նույն մրցանակի շնորհումը թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ Իլհամ Ալիևին՝ նույն բառապաշարով, վկայում է, որ հանձնաժողովը գիտակցաբար խուսափում է քաղաքական ու բարոյական տարբերակումներից՝ առաջնորդվելով «երկու կողմերն էլ խաղաղության ուղու վրա են» պարզեցված մոտեցմամբ։

Սա միջազգային խաղաղարար մրցանակներին բնորոշ գործելակերպ է, սակայն այն հիմնված է ոչ թե արդարության կամ պատասխանատվության, այլ քաղաքական նորմալացման տրամաբանության վրա։ Այդ նորմալացման շրջանակում հավասարեցվում են ոչ միայն հայտարարությունները, այլև դերակատարությունները՝ անկախ ուժային անհամաչափությունից և իրական հետևանքներից։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի մրցանակը շնորհող հանձնաժողովի կազմում ԵՄ նախկին նախագահ Շառլ Միշելի ներգրավվածությունը։

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Միշելի քաղաքական գիծը հետևողականորեն միտված էր հակամարտության հնարավորինս արագ փակմանը՝ առաջին հերթին հայկական կողմի քաղաքական նշաձողի իջեցման հաշվին։ Այդ մոտեցման առանցքային դրսևորումը դարձավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, որով փաստացի ընդունվեց, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ առանց կարգավիճակի, անվտանգության կամ միջազգային երաշխիքների։

Քաղաքական հետևանքը կանխատեսելի էր՝ բանակցային գործընթացի փլուզում, անվտանգության վակուում և Արցախի հայաթափում։ Այս իրողությունների ֆոնին դժվար է խոսել խաղաղության մասին՝ որպես փոխադարձ և հավասարակշռված գործընթացի։ Ավելի ճշգրիտ է այն բնութագրել որպես կոնֆլիկտի փակման քաղաքական տեխնոլոգիա, որի գինը վճարեց բացառապես հայկական կողմը։

Այս քաղաքական գիծը Շառլ Միշելին ապահովեց դիվիդենտներ արևմտյան ուլտրալիբերալ և գլոբալիստական շրջանակներում՝ նրան ներկայացնելով որպես արդյունավետ խաղաղարար միջնորդ, ով նպաստեց Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացմանը։

Նույն արժեքային համակարգում այսօր տրամաբանական է դիտվում նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական լեգիտիմացումը՝ որպես առաջնորդի, ով պատրաստ է գնալ բարձր ռիսկերի հանուն խաղաղության օրակարգի։ Այս համատեքստում տեղի է ունենում նույն քաղաքական փիլիսոփայության ներսում փոխադարձ լեգիտիմացում։

Այդ փիլիսոփայության առանցքային թեզը պարզ է․ խաղաղությունը հռչակվում է որպես գերագույն արժեք, նույնիսկ այն դեպքում, երբ այն ձեռք է բերվում միակողմանի զիջումների, ինքնիշխանության թուլացման և հիմնարար իրավունքների կորստի հաշվին։ Այս համակարգում արդյունքը երկրորդական է, իսկ հռչակված գործընթացը՝ առաջնային։

Սակայն այստեղ առաջանում է հիմնարար հարց․ կարո՞ղ է «մարդկային եղբայրության» գաղափարի ներքո տրվող մրցանակը շրջանցել այն փաստը, որ այդ խաղաղության քաղաքականության անմիջական հետևանքը մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանությունն էր։ Եթե մրցանակը հավասարեցնում է ագրեսորին և զիջողին, ապա այն դադարում է լինել քաղաքականապես չեզոք և վերածվում է կոնկրետ աշխարհաքաղաքական կոնսենսուսի արտացոլման։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 8254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ